Կանադայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին, ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձևավորվել:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի տիկին Հարդեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և խմբի անդամներին՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու ցանկության ու վճռականության համար:

Այս նախաձեռնությունն ինստիտուցիոնալ նոր մակարդակ է մեր համագործակցության, որը սկսվել է երկու տարի առաջ՝ Ստեփանակերտ կատարած Ձեր այցով և մեր երկրի հետ ծանոթությամբ:

Համոզված եմ, որ այն արդյունավետ հարթակ կդառնան Արցախի և Կանադայի միջև փոխշահավետ կապերի ընդլայնման համար, մասնավորապես՝ մարդասիրական համագործակցության բնագավառում»։

Ազգային ժողովի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանին՝ բարեկամության խմբի ձևավորման գործին ցուցաբերած օժանդակության համար։