Ինչքան էլ քննադատենք, ուրիշ ելք չկա․ Արայիկ Հարությունյանը կողմ է պարտքի ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Արցախ

«Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանը համարձակ քայլերով գնա պետական պարտքի ավելացմանը»: ԵՊՀ-ում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ շատերը կարծում են, որ պետական պարտքը պետք է զրոյացնել, սակայն Հայաստանին ավելի շատ անհրաժեշտ է տնտեսական աճ՝ պետական պարտքի ավելացմամբ», - ասել է Հարությունյանը՝ մատնանշելով մի քանի զարգացած երկրների օրինակը, որոնք, ավելացնելով պետական պարտքը, ապահովել են տնտեսական զգալի աճ:

«Իսրայելի պետական պարտքը համաշխարհային ճգնաժամի ժամանակ 2008 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 77 %, 2009 թվականին Իսրայելն ավելացրեց պետական պարտքը, և այն կազմեց 81 տոկոս: Այսօր Իսրայելի պետական պարտքը իջել է 60 տոկոսի: Տնտեսական թռիչք, զարգացում, մուտքեր. և սկսվեց պարտքի իջեցում: Արդյունքում` եթե 2008 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 21,8 հազար դոլար, ապա 2018 թվականին կազմել է 40 հազար: Համարյա երկու անգամ այն աճել է»,- ասել է Հարությունյանը, ապա հավելել, որ Հայաստանը պետք է ունենա բյուջեի դեֆիցիտ բարձր տոկոսով և տարբեր խողովակներով:

«2017-ին ԱՄՆ-ի ծախսերը կազմել են մոտ 4 տրիլիոն դոլար 655 միլիարդ դոլար դեֆիցիտով, Չինաստանինը` 3 տրիլիոն 146 միլիարդ դոլար է՝ 476 միլիարդ դոլար դեֆիցիտով, Հայաստանինը 2017 թվականին՝ մոտ 3 միլիարդ դոլար՝ 400 միլիոն դեֆիցիտով: Բյուջեի դեֆիցիտից չպետք է վախենալ, պետք է պահպանել անհրաժեշտ դեֆիցիտը և այն ուղղել պետության զարգացման, կապիտալի և ներդրումների ավելացմանը և այլն: Ճանապարհը պարտքի ավելացումն է: Ինչքան էլ քննադատենք, խոսենք ուրիշ ելք չկա»,- ասել է Հարությունյանը: