36-ից՝ 40․ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը կբարձրանա․ ՊՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

«Պլանավորման հետ կապված խնդիր է, ինչպես նաև պետական բյուջեի ռեսուրսների». -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով սահմանին բացառապես պայմանագրային զինծառայողներով պաշտպանություն իրականացնելու հետ կապված՝ ԲՀԿ-ի կողմից ներկայացված նախագծի մերժմանը , նաև հիշեցրեց, որ երեկ կառավարությունը հավանություն է տվել « Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին։

«Փորձում ենք ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ տարիքը գործող 36-ի փոխարեն դարձնելով մինչև 40 տարեկան, քանի որ դիմումները  շատ են»,- ասաց նա։

Բալայանը, խոսելով մարտական հերթապահություն իրականացնողների  զինծառայության ժամկետը 24 ամիսից կրճատելու առաջարկի մասին՝ նշեց, որ այս պահին այն քննարկման փուլում է և ձեռնպահ մնաց կոնկրետ ժամկետներ նշելուց։

«Միայն մի նախապայման նշեմ, որը մինչ այս էլ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները, և սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում։ Փորձելու ենք գտնել հնարավորություններ, որ առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որը սահմանափակում ունի, բայց պիտանի է զինվորական ծառայությանը, կատարեն այլ գործառույթներ,  բայց փոքր-ինչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները։

 Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներով անձանց համար ավելի երկար ժամանակ սահմանվի, քան 24 ամիսն է, և հակառակը՝ մարտական հերթապահությունը լինի ավելի կարճ՝ 24 ամսից պակաս»,- մանրամասնեց Բալայանը։