Դիլիջանի քաղաքացին կոպտորեն խախտել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Լոռու մարզում, մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Լոռու մարզի զինկոմիսարիատից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին, որ մի քաղաքացի ոչ սթափ վիճակում զինկոմիսարիատում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ՝ անելով վիրավորական արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ, և կոտրել է զինկոմիսարիատի գույքը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, զինկոմիսարիատ են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ այդ քաղաքացին Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Վահե Ս.-ն է, ով 20 րոպեից ավելի իր վարքագծով կոպիտ կերպով խախտել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ս.-ն նախկինում դատապարտված է եղել և ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո նրան բաց են թողել։