Արտաշատում ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է՝ հավաքին մասնակցելու համար․ նախաքննության ավարտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1464070487,1231

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսին սոցիալական ցանցում լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակվել էր «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրությունը, որի ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում փաստական հանգամանքներով հիմնավորվել էր, որ վերոհիշյալ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Ա.Մ.-ի և նույն մարզի բնակիչ Գ․Մ․-ի միջև։

Քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Ա.Մ.-ն, գիտակցելով, որ քաղաքացիներին նյութապես չշահագրգռելու՝ գումարներ չտրամադրելու դեպքում նրանք չեն մասնակցի Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին՝ 2022 թվականի հունիս ամսին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու շուրջ հանցավոր համաձայնություն ձեռք է բերել Գ․Մ․-ի հետ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով կազմել են ցուցակներ՝ ներառելով բազմաթիվ անձանց անձնական տվյալներ: Այնուհետև, առանց իրենց ազատ կամարտահայտությամբ հավաքներին մասնակցող անձանց համոզելուց, նյութապես շահագրգռելուց հետո, նրանց հաշվառելը դյուրացնելու նպատակով, անձանց տվյալների դիմաց կատարել են որոշակի գրառումներ՝ գումարներ վերցնելու, չվերցնելու վերաբերյալ:

Նշված գործողություններով նրանք ազդել են քաղաքացիների կամքի և գիտակցության վրա, ինչի արդյունքում խախտվել է խաղաղ հավաքներին քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:

Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել էին տասնյակ թղթեր՝ բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև՝ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրառումներով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Մ.-ին և Գ.Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափահնման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված Հ․Մ-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դատախազի համապատասխան որոշմամբ, դադարեցվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ