Միհրան Պողոսյանն արտերկրում է․ ՀՔԾ-ին առաջարկել է իրեն տեսակապով հարցաքննել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը կապ է հաստատել ու հարցաքննության հրավիրել ՀՀ ԱԺ նախկին պատագամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Միհրան Պողոսյանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: Սակայն քրեական դատավարությամբ նման ընթացակարգ չի նախատեսվում, ուստի նրա առաջարկը մերժվել է», - նշեց Մարինա Օհանջանյանը։

Ըստ ՀՔԾ մամուլի խոսնակի՝ վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին։  

Մարտի 19-ին 24News-ը տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը փորձում է կապ հաստատել և հարցաքննության հրավիրել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր ընտանիքը լքել են Հայաստանը։

2019-ի հունվարին «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հայտնեց, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ում վերաբացվել է։ 

2016 թ․ «Հետք» լրատվամիջոցը «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի 3 ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։

Հրապարակումից հետո 2016 թ. ապրիլի 18-ին Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշեց Պողոսյանի նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում և քրգործով վարույթը կարճել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: