ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանի կառավարությունը 140 հազար եվրո կվճարի իր քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի քաղաքացի Ադալաթ Հախվերդիևի բողոքը երկրի կառավարության դեմ։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, «Հախվերդիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը հայտարարվել է 2019 թ․ մարտի 21-ին՝ ՄԻԵԴ-ի կայքում։ Բողոքը կապված էր Հախվերդիևի տան քանդելու հետ։ ՄԻԵԴ-ում Հախվերդիևի շահերը ներկայացնող փաստաբան Ֆաուդ Աղաևի խոսքով՝ 2009-ին քանդվել է Հախվերդիևին պատկանող տունը։ Նրան առաջարկել են բնակարան, բայց նա հրաժարվել է։ Նա բողոքով դիմել է դատարան՝ սեփականության իր իրավունքը խախտելու պատճառով։ Սակայն ոչ մի դատարան չի բավարարել նրա բողոքը, եւ Հախվերդիևը դիմել է ՄԻԵԴ։

2015 թ․ ՄԻԵԴ-ը ընդունել է, որ խախտվել է Հախվերդիևի սեփականության իրավունքը։ Սակայն այն ժամանակ փոխհատուցման նշանակման մասին վճիռ չի կայացվել։ Այժմ Սրասբուրգի դատարանը որոշել է փոխհատուցման կոնկրետ չափը՝ 140 հազար եվրո։ Բացի այդ, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել 3 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի եւ դատական ծախսերի փոխհատուցում։