Սա չափազանց կարևոր որոշում է․ Փաշինյանը՝ մարտական հերթապահության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ժամանակ կայացված որոշմանը։ Գրառումը՝ ստորև․

«1000 դրամների հիմնադրամն ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ 2019 թվականի առաջին նիստը։ 

«Ինչպես խոստացել էի դեկտեմբերի նիստից հետո, հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած 170 դեպքերի համար  (զոհ և հաշմանդամություն):

Հիշեցնեմ, որ անցյալ տարի մենք որոշել էինք հատուցել 2015-2016 թվականների դեպքերի համար, որոնք փոխհատուցվել են: Ցայսօր մենք փոխհատուցումներ ենք կատարել 226 դեպքերի համար (2015 - 2018): Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին», - գրել էր հիմնադրամի տնօրենը։