Իմ համեստ անձը հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց․ Աննա Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

«Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հայտարարությանը:

«Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքակիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։ Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։ Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»,- գրել է Աննա Օհանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց էր ուղղել՝ ասելով․ «Դուք մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին և եղել է ՀՀԿ անդամ։ Արդյոք նա ազնվորեն և անկեղծորեն կարո՞ղ է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»: