Օրվա մնացած ժամերին մաքրուհիներին պետք է ապահովել այլ աշխատանքով․ ԱԺ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ-ի մաքրուհիների խնդրի հետ: Պարզաբանումը՝ ստորև.

«Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի  ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` Կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:

Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ 07:00-ից 09։00-ն՝ ստանալով 89950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով: Մաքրուհիների ներկայիս պայմանագրերը լրանում է սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաև մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի եւ գործուղել Ազգային ժողով` ամսեկան դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ:

Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։

Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսեկան աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է:

«Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե՛ պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե՛ կառավարչական ռեսուրսի խնայման առումով»։