Հուսանք՝ շուտով վավերացման գործընթացը կավարտվի․ ՀՀ փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման փուլը կարճ ժամանակում կավարտվի:  Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի արտաքին քաղաքական արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«2018-ին շարունակվել են ակտիվ քայլեր ձեռնարկվել ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում: Մասնավորապես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, տրվել է համաձայնագրի վավերացման գործընթացի սկիզբը ԵՄ անդամ երկրների կողմից: Այսօր արդեն 10 երկիր վավերացրել է համաձայնագիրը, սակայն մնացած 18-ից գրեթե բոլորում համաձայնագիրը գտնվում է խորհրդարաններում: Գերմանիան կվավերացնի մոտ ժամանակներս, Իսպանիան՝ մյուս ամիս»,-ասաց Ադոնցը։

Նա հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակում վավերացման գործընթացը կստանա իր տրամաբանական ավարտը:

Խոսելով Եվրամիության հետ համաձայնագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին՝ Ադոնցը նշեց, որ հունիսի 21-ի Բրյուսելում կայացել է արդեն համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: Նա նկատեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերությունների մակարդակը և որակը  բարձրացվել է, և համագործակցությունից անցել ենք գործընկերության ձևաչափի: Իսկ նոյեմբերի 27-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը: