Ma Carmen adorée․ երաժշտասերի «հատուկ կարծիքը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Կարմեն

Արաբական էմիրաթներում հյուրախաղեր տալու համար Երևանի օպերային թատրոնը բեմադրեց Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան և բարեհաճեց այն մի երկու անգամ ցույց տալ նաև հայրենական հանդիսատեսին։

Ես շատ եմ սիրում այդ օպերան և դրա հերոսներ գնչուհի Կարմենին ու զինվոր Դոն Ժոզեին (ում սովորաբար անվանում ենք իսպանական տարբերակով Դոն Խոսե), համակրում եմ գեղջկուհի Միքայելային և հիանում ցլամարտիկ Էսկամիլյոյով։ Եվ ունեմ միլիոնավոր համակիրներ ամբողջ աշխարհում։

Երևանի օպերային թատրոնի բեմը դեռ հիշում է Տաթևիկ Սազանդարյանի Կարմենին, ինչպես որ չի մոռացել Հայկանուշ Դանիելյանի Անուշին և Գոհար Գասպարյանի Օլիմպիային։ Եվ ահա նորից Կարմեն, հրաշալի գովազդված և նոր վերադարձած վերջերս Էմիրատներում կայացած «հաղթարշավից» (ցավոք սա թատրոնի գեղարվեստական ղեկավարի ինքնագնահատականն է, բայց սրանով չի բավարարվում, այլ ասում է՝ «МЫ СУПЕР!»)։ Ինչպե՞ս դիմանաս գայթակղությանը և մնաս տանը։

Հռչակավոր նախերգանքը՝ Բիզեի օպերայի «հիթերից» առաջինը, նվագախումբը նվագում է, ինչպես կարող է (ափսոս, որ ավելին չի կարող), և ապա հայտնվում ենք իսպանական Սեվիլյայում։ Զինվորներ, մանուկներ, Միքայելայի առաջին էպիզոդիկ հայտնվելը և վերջապես ծխախոտի ֆաբրիկայում աշխատող կանայք, որոնց մեջ է նաև ինքը Կարմենը։

Օպերան ոչ միայն ականջի, այլև աչքի համար է։ Եվ, թերևս, առաջին բանը, որին ուղղվում է ուշադրությունդ, բեմի ձևավորումն ու գործող անձանց կերպարանքն է, այն է՝ հագուստը։ Եվ հենց այստեղ է, որ ապրում ես առաջին զարմանքդ։ Փողոցում խաղացող երեխաներն ասես դուրս են եկել երգ ու պարի համույթից, հագնված մեկը մյուսի նման։ Զարմանքդ ավելի է մեծանում և ակամա ծիծաղդ է գալիս, երբ տեսնում ես նույնքան միատեսակ, այն էլ սպիտակ ներքնազգեստ կրող ծխախոտի ֆաբրիկայում աշխատող կանանց, որ դուրս են եկել ընդմիջման, յուրաքանչյուրի ձեռքին կարմիր վարդ։ Եվ վերջապես նույն երգ ու պարի համույթից են դուրս եկել, ասես, նաև մաքսանենգները… Ափսոս, բայց զավեշտ է առաջացնում նաև համեստ Միքայելայի զգեստը։

Գուցե նման, երբեմն ծիծաղ առաջացնող ձևով գործող անձանց ներկայացնելու բեմադրիչներին դրդել է այն հանգամանքը, որ Բիզեի օպերան «opera comique» (բառացի թարգմանությամբ՝ զավեշտական օպերա) ժանրին է պատկանում։ Բայց բառացի թարգմանությունն այստեղ միայն մոլորեցնող է, քանի որ հենց «Կարմենը» ողբերգություն է։ Իսկ 19-րդ դարի «opera comique»-ը բնորոշվում է այն բանով, որ դրանում երգվող մեներգները, զուգերգները, անսամբլային համարները և խմբերգերն ընդմիջվում են խոսվող երկխոսություններով (ինչպես և, ասենք, Էմիրաթների համար մեր օպերային թատրոնի պատրաստած մյուս նվերում՝ Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայում)։ Ինչպես հայտնի է, օպերայի երկխոսությունները Բիզեի մահվանից հետո փոխարինվել են երգվող ռեչիտատիվներով (ինչպես, ասենք, իտալական օպերաներում կամ ֆրանսիական այսպես կոչված «մեծ օպերաներում»)։ Սակայն արդեն տասնամյակներ առաջ օպերային աշխարհը հրաժարվել է «Կարմենում» օտարածին ռեչիտատիվներից և վերադարձել Բիզեի մտահղացմանը։ Բնականաբար սպասում ես, որ 21-րդ դարի Հայաստանը չի ցանկանա հետ մնալ համաշխարհային միտումից («թրենդից»), բայց հուսախաբ ես լինում, լսելով Էռնեստ Գիրոյի գրչին պատկանող ռեչիտատիվները, որոնք զգալիորեն փոխում են օպերայի բնույթը և դրանում իշխող մթնոլորտը, որի ռեալիզմը խրտնեցրել էր Փարիզում «Կարմենի» առաջին ներկայացումների հանդիսատեսին, ով սովոր էր, ինչպես գրեց բանաստեղծ Թեոդոր դը Բանվիլը, օպերային բեմում իսկական տղամարդկանց ու կանանց փոխարեն «տիկնկիկներ» տեսնելու։

Բեմադրող ռեժիսորը, կարծես էս,  ունեցել է մի հետաքրքիր մտահղացում, ներմուծելով թիթեռի կերպար, որը – ժամացույցի մեխանիզմի պատկերի կողքին - պետք է խորհրդանշի (Կարմենի) կյանքի սրընթաց վազքը։ Կյանք, որն ավարտվում է Կարմենի և նրան խենթի պես սիրող և սիրուց նրան սպանող Դոն Ժոզեի ողբերգությամբ։ Սակայն այս սիմվոլիկ (պարող) կերպարի ներմուծումը, որը նաև շեղում է հանդիսատեսի ուշադրությունը այս գլուխգործոցում իշխող «մերկ ճշմարտությունից» և նվազեցնում դրա արդեն հիշատակված ռեալիզմը, որի հետ այդ առումով գրեթե անհամեմատելի է 19-րդ դարի որևէ այլ օպերա։ Ի դեպ այդ ռեալիզմը պահպանված է մնացել, կարծում եմ, բոլոր բեմադրություններում, որոնց ենթարկվել է «Կարմենը». սրանցից ամենառադիկալը երևի ֆրանսիական Էքսում (Aix-en-Provence) ռուս ռեժիսոր Չերնյակովի փառատոնային բեմադրությունն է, որտեղ գործողությունը կատարվում է որպես կյանքի և մարդկանց նկատմամբ անտարբեր դարձած Դոն Ժոզեի բուժում հոգեբուժարանում։

Առանց մանրամասնելու ավելացնեմ, որ իմ ձայնադարանում և տեսադարանում ունեմ ամբողջ օպերայի մոտ երկու տասնյակ կատարումներ և բազմաթիվ հատվածներ, սկսած 1915-ին արված Ջերալդին Ֆարարի (Farrar) և 1920-ական թվականների Էմմա Կալվեի (Calvé), Նինոն Վալանի (Vallin) ձայնագրություններից։ Հեղինակի օրոք հանդիսատեսին վանած ռեալիզմը, որով ցնցում է, օրինակ, Անե Սոֆի ֆոն Օթերի  (von Otter) շիկահեր Կարմենը (թող ինձ ների Դոն Ժոզեն, որ կենտրոնանում եմ օպերային անուն տված հերոսուհու վրա), թերևս, այս օպերայի պարտադիր տարրն է։ Ավաղ, պիտի խոստովանեմ, որ ամենամեծ հիասթափութունն ինձ սպասում էր հենց օպերայի ֆինալում։ Դոն Ժոզեն, ով պետք է սպանի նրա աղերսանքի առաջ աննկուն մնացած Կարմենին, հանում է դաշույնը, բայց հանկարծ այն մի կողմ է նետում և, գրեթե նստած Կարմենի կրծքին, խեղդում ազատությունն ամենից վեր դասող այս հպարտ կնողջը, ով մեռնում է, ոտքերը (այստեղ իսկապես շատ ռեալիստորեն) թափահարելով։ Ես չեմ բացառում, որ դահլիճում նստած մարդիկ ցավով են հետևում Կարմենի վերջին ցնցումներին։ Ես, միշտ էլ իմանալով, թե ինչով է վերջանալու գնչուհու և զինվորի պատմությունը, երբեք չեմ կարողացել լսել այդ վերջին տակտերը և Դոն Ժոզեի սիրո վերջին խոստովանությունը Ma Carmen adorée (Պաշտելի իմ Կարմեն) առանց փշաքաղվելու։

Այստեղ ևս մեր հարազատ օպերային թատրոնը բացառություն եղավ (ցավոք նաև Ժոզեի անհաջող երգած ավարտի պատճառով, որին այս վերջին տեսարանում նախորդել էր Կարմենի և հուսահատ սիրողի հանդիպման տեսարանը, որում կրքոտ երգեցողությունն ավելի շուտ ճիչերով էր լցված. ընդհանրապես չէր խանգարի բեմադրողին և կատարողներին մի քիչ ավելի լավ ծանոթանալ ֆրանսիական օպերային երաժշտության կատարման առանձնահատկություններին, որոնցով այն տարբերվում է բոլորիս այդքան հարազատ իտալականից)։

Չեմ անդրադառնում առանձին կատարողներին, բայց կուզենայի առանց անուններ տալու ափսոսանքով հիշատակել, որ բազմաթիվ հրաշալի հայ երգիչներ չգիտես ինչու երգում են գրեթե միշտ դրսերում կամ ընդհանրապես այդպես էլ չեն կարող մուտք գործել մեր թատրոն ...

Ուզում եմ ավարտել համենայնդեպս հույս արտահայտելով, որ իրավիճակը կփոխվի և հայերիս միակ օպերային թատրոնը կդառնա սիրո և հիացմունքի արժանի։

Լևոն Սարգսյան