Թմրաշրջանառություն, անչափահասների հանցավորություն․ ՆԳՆ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակեն համատեղ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահե Ղազարայանը կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և անչափահասների հետ տարվող աշխատանքներում:

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ՆԳՆ կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձավ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ համագործակցությանը և ընդգծեց անչափահասների հանցավորության դեմ պայքարի, Բարնահուսի մոդելի տարածման, ինչպես նաև՝ հատկապես դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթությունները՝ առանձնացնելով ապօրինի թմրաշրջանառությունն ու թրաֆիքինգը՝ կարևոր համարելով այդ ոլորտում համագործակցությունը:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ դիտարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հանուն անչափահասների պաշտպանության առավել լավ գործիքակազմի նախատեսման։

--00--ՍՊ