Վերընտրված Էրդողանը երիտասարդների մասին չի մտածում․ ուղեղների արտահոսքն անխուսափելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

s

Թուրքական ընդդիմադիր կայքերից մեկը հրապարակել է հոդված վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի ու նրա քաղաքական ուժի՝ երիտասարդների վերաբերյալ վարած քաղաքականության մասին։ Ըստ հոդվածի՝ իշխող կուսակցությունը երիտասարդներին վերաբերող քաղաքականության մասին ոչինչ չի ասում, այդ իսկ պատճառով երիտասարդները մենակ են մնում իրենց դեմ ծառացած տարբեր դժվարությունների առաջ, գրում է Ermenihaber-ը։

Նշելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) 2011-ից կրոնասեր երիտասարդություն ստեղծելու առաքելություն է ստանձնել, հեղինակն ընդգծում է, որ ողջ երիտասարդ բնակչությունը չի կարող ձևավորվել այս գաղափարի շուրջ։ Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ԱԶԿ-ի վարած քաղաքականությունը բևեռացնի երիտասարդությանը։

Գնահատելով նաև, թե ընտրությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան երիտասարդների ուղեղների արտահոսքի վրա, շեշտվում է, որ երիտասարդների համար նոր երևույթ չէ հայտարարել, որ կցանկանային ապրել այլ երկրում, եթե հնարավորություն ունենային։

Անդրադառնալով ընտրություններում ընդդիմության պարտությանը՝ հեղինակը գրում է․ «Մենք տեսնում ենք, որ խնդրահարույց է ամեն ինչ սահմանափակել ընտրություններով։ Եթե ​​երազանք ունես ստեղծել միասնական ջանքերով երկիր և լավ ապագա ունենալ, մի՞թե այս պայքարը պետք չէ անընդհատ շարունակել և ոչ միայն ընտրությունների համար: Այս պայքարը չի՞ շարունակվելու, անկախ նրանից՝ հաղթեք, թե պարտվեք ընտրություններում։ Սակայն սխալ չի լինի ասել, որ ուղեղների արտահոսքի այս միտումը կշարունակվի և նույնիսկ կարագանա ընտրություններից հետո, եթե չստեղծվի պայքարի նման առանցք և չստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ինչ-որ բան փոխել, իրենց բնորոշել որպես դերակատար և արժեք տեսնել»։ 

--00--ՍՊ