«Ամբեր Կապիտալ»-ը ՀՀ-ում ստեղծում է առաջին բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին, տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից։

Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ստեղծում է առաջին բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը: Ֆոնդի հիմնարար ներդրողներն են ԵՄ-ն, ԵՎԶԲ-ը և «Ամբեր Կապիտալը»:

Նախարարը հանդիպման ընթացքում նշել է. «Ձեր թիմի հետևողական ուժեղացումը վկայում է Հայաստանում ծանրակշիռ գործունեություն ծավալելու մտադրությունների մասին: Կարևոր է նաև այն միջավայրը, որը ստեղծվում է նման կազմակերպությունների բիզնես գործունեության արդյունքում»:

«Ամբեր Կապիտալի» հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը նախարարին  ներկայացրել է ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղությունները և ներդրումների ծավալները: Նշվել է, որ ֆոնդի բացումը տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին:

Կողմերը քննարկել են ֆոնդերի և այլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից իրականացվող ներդրումների  կարևորությունը Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի տեղայնացման և հետագա տարածման տեսանկյունից: