ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

16862274573253.jpeg

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Նաննա Սկաուին՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Շնորհավորելով ՊՀԾ տնօրենին՝ Վահե Գևորգյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ վստահություն հայտնելով, որ Նաննա Սկաուն կնպաստի Հայաստանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հետագա խորացմանը:

Իր հերթին Ն. Սկաուն բարձր է գնահատել ՊՀԾ ծրագրային համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու բոլոր ջանքերը՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանում պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել իրականացվող ծրագրերին, մասնավորապես «Կայուն դպրոցական սնունդ» և «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրերին:

Երկուստեք գոհունակություն հայտնելով գրանցված արդյունքների կապակցությամբ՝ կարևորվել է ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների դիտարկումը:

--00--ԶՀ