Ինչո՞ւ Բաքուն չեղարկեց Վաշինգտոնյան հանդիպումը․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

վաշինգտոնյան բանակցություններ
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը անդրադարձել է Վաշինգտնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկմանը․

Ինչո՞ւ Բաքուն չեղարկեց Վաշինգտոնյան հանդիպումը 

Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու պատրվակ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: 

Սա, իհարկե, զուտ պատրվակ է: Վստահ եմ՝ այդ որոշումը Ադրբեջանում կայացվել է շատ ավելի վաղ: Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա որևէ կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ դրա հետ կապված էլ նույն Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց Բաքվի ծրագրերը շատ ավելի հեռուն են գնում, նրանց Արցախը քիչ է: 

Ուստի «Արցախը հանձնենք, որ ՀՀ փրկենք» թեզը հակառակն է ապացուցում՝ որքան շուտ Արցախից հրաժարվենք, այնքան ավելի կարագացնենք ՀՀ–ի դեմ ագրեսիան: 
Բացի այդ, Բաքուն տեսել է, որ կարող է անպատիժ մնալ, արհամարհել ՄԱԿ–ի դատարանի որոշումը և դա անհետևանք կանցնի, դրա համար էլ ազատորեն հրաժարվում է ԱՄՆ–ի միջնորդությունից:

Այժմ նայենք տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով...»: Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն: Էրդողանի վերընտրվելուց հետո լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել այսպես կոչված «խաղաղության» գործընթացը: 

Իրականում, խաղաղության գործընթաց չկա, կա իրավիճակից օգտվելու, Արևմուտք–Ռուսաստան հակասությունները շահարկելու և ՀՀ–ի դեմ նոր պատերազմի գնալու գործընթաց: Դրա համար էլ չեն դադարում թուրք–ադրբեջանական զորավարժությունները, ստեղծվում են տեղեկատվական «պատրվակներ», շրջանառության մեջ են դրվում տարբեր օրակարգեր, մեր պետությունը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»: 

Ուստի որքան էլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ մեկնեն Անկարա ու Բաքու, լայն ժպտան երեք տարի առաջ մեզ սպանողների ու հետո Բաքվում «ռազմական շքերթ» անցկացնողների դեմքին, որքան էլ հաճոյանան ու զիջումների գնան, ինչ թղթեր էլ ուզեն ստորագրել, նրանք պատերազմ չեն կանխելու, նրանք ընդամենը հեշտացնում են Ադրբեջանի գործը՝ իրենց քարոզչությամբ բթացնելով մեր հանրային դիմադրությունը: 

Պատերազմը կանխելու միակ ձևը բոլոր պետությունների ու ժամանակների համար եղել ու մնում է այդ պատերազմին պատրաստ լինելը, իսկ անարժանապատիվ պահվածքը,  իշխանություն պահելու համար սեփական պետության շահը ոտնահարելու քաղաքականությունը միայն աղետների է բերում՝ ավելի խոցելի դարձնելով մեր պետությունը:

--00--ՍՊ