ՆԳՆ ավտոշարասյան համար ճանապարհն էին փակել․ փակուղին՝ վթարի պատճառ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

ՆԳՆ ավտոշարասյուն

Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց, հայտնում է է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ․

«Այսօր առավոտյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից գործի գնալու համար ոստիկանությունը մասնակի փակեց Գրիգոր Լուսավորչի փողոցը` ստեղծելով վթարային իրավիճակ։

Ոստիկանների այս գործողությունների արդյունքում վթարից խուսափող վարորդները սկսեցին շղթայաբար վերադասավորվել դեպի ձախ, ինչը փակուղի ստեղծեց ամենաձախ շարքում երթևեկող վարորդի համար, որը և վթարվեց։

Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի փորձի կոծկել այս վթարի պատճառում ՆԳ նախարարի ավտոշարասյան ուղեկցման հանգամանքը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ Ներքին գործերի նախարարությունը ավելի վաղ պարզաբանում էր տարածել՝ 

«Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ»։ 

--00--ՍՊ