Թե ինչ կարող էր տեղի ունենալ հետո Եռաբլուրում, երբեք հայտարարություն չեմ արել. Աշոտ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի որդին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք վատ չի զգում՝ հերոսի մորը դատարանում տեսնելով։

«Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը, դրա մասին արդեն խոսել ենք։ Ոչ մեկը չի նսեմացնում և չի կարող նսեմացնել նրանց։ Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում հերոսների և նրանց հարազատների առաջ, այդ թվում՝ տիկին Գայանեի, բայց միևնույն ժամանակ ասում եմ, որ օրենքը հավասար է բոլորի առաջ, և յուրաքանչյուր միջադեպ ՀՀ-ում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»,-հայտարարեց Փաշինյանի որդին։

Հարցին, թե ինչո՞ւ միջադեպի օրը մոտեցավ դատարանի բակում հավաքված ծնողներին, նա նշեց, թե իրենք են մոտեցել, և ինքը չի հեռացել, քանի որ այլ ծնողների հետ շփման փորձ ուներ, և փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, ու չի կարծել, թե կարող է որևէ տգեղ միջադեպ լինել։

Իսկ այն հարցադրմանը, թե ինչ կարող էր լինել Եռաբլուրում, որ նա վախեցավ, Աշոտ Փաշինյանը նշեց, թե երբեք նման հայտարարություն չի արել, թե ինչ կարող էր լինել այնտեղ։
Դիտարկմանը, թե իր ծնողներն իրեն օգտագործում են քաղաքական հաշվեհարդարի համար, Աշոտ Փաշինյանն անպատասխան թողեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ