«Փարձում ենք հնարավորինս արագ խնդիրը կարգավորել»․ ԿԳՆ խոսնակը՝ աշխատավարձերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Կառավարություն

«Կառավարության նիստից հետո նախարարությունն ամեն ինչ անում է հնարավորինս արագ խնդիրը կարգավորելու համար»,- 24News-ի հետ զրույցում նշեց ԿԳՆ խոսնակ Լուսինե Մարգարյանը։

Վերջինիս վստահեցմամբ՝ կրթության և գիտության նախարարության ֆինանսական բաժինն ու այն ստորաբաժանումները, որոնց պատասխանատվության տակ է գտնվում աշխատավարձերի փոխանցման հարցը՝ երեկվանից զբաղված են այդ խնդիրը լուծելով։

Խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ ներկա դրությամբ այլ տեղեկատվության չի տիրապետում, թե մասնավորապես ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի աշխատավարձերի  փոխանցումն իրականացնել։

Հարցին՝ այսինքն  աշխատավարձերը դեռևս փոխանցված չե՞ն, Լուսինե Մարգարյանը պատասխանեց․

«Զուտ տեխնիկական խնդիր է, որի ուղղությամբ աշխատում ենք»։

Նշենք, որ երեկ՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց նախարարներին, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն 3 ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել, որից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փորձեցին այս առումով  պարզաբանումներ ներկայացնել վարչապետին։

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ կառավարության նիստից հետո նախարարություններից հրատապ կարգով զանգահարել են հիմնարկներին և ասել, որ շատ արագ աշխատավարձերը կփոխանցեն։