Խերսոնի մարզում հեղեղված տների թիվը գերազանցել է 22 հազարը, ջրի մակարդակը սկսել է իջնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

1112892.jpg

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով 17 բնակավայրերում հեղեղվել է գրեթե 22 300 բնակելի տուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ ТАСС-ին հաղորդել են արտակարգ ծառայություններից:

Գործակալության զրուցակիցը հայտնել է նաև, որ Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը 2 մետրով իջել է՝ հասնելով 10 մետրի: Ժամանակավոր կացարաններում է գտնվում 1117 մարդ:

Ուկրաինական կողմը ևս հաղորդել է ջրի մակարդակի նվազման մասին: Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ Խերսոնի մարզում՝ Կախովկայի ՀԷԿ-ի մերձակա բնակավայրերում, ջրի մակարդակը նվազել է 20 սմ-ով:

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 9-ի առավոտվա տվյալներով՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում 32 բնակավայրերում հեղեղվել է 3624 տուն, տարհանվել է 2352 մարդ և շուրջ 550 կենդանի:

Իր հերթին «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտնել է, որ Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը շարունակում է նվազել և այսօր առավոտվա տվյալներով Նիկոպոլի շրջանում կազմել է 11,47 մետր: Ընդհանուր առմամբ, հունիսի 6-ից ջրի մակարդակը նվազել է արդեն 4,7 մետրով:

Հունիսի 8-ի երեկոյան Խերսոնի մարզի իշխանությունները և «Ուկրհիդրոէներգո»-ի ղեկավար Իգոր Սիրոտան հայտնել էին, որ ջրամբարում ջրի մակարդակը իջել է, այսպես կոչված, «մեռյալ կետից»՝ 12,7 մետրից, երբ անհնար է դառնում ջրառ իրականացնել բնակավայրերի և Զապորոժիեի ԱԷԿ-ի համար։

Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հայտնել էին, որ չնայած Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը նվազել է նախկինում կրիտիկական համարվող մակարդակից, սակայն Զապորոժիեի ԱԷԿ-ը դեռ կարող է ջրամբարից ջուր մղել հովացման համակարգերի համար։

--00--ԶՀ