Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 22, 24News

.

Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև մարտի 22-ին Կիևում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլ Բոդնարի գլխավորած պատվիրակությունները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի խորացման, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների կարևորությունը: Դրա հիման վրա արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանն ու Վասիլ Բոդնարը նախաստորագրել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2019-2020թթ. խորհրդատվությունների ծրագրի նախագիծը, որը շուտով կստորագրվի Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների կողմից: