Փոխվարչապետն ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

b43c52f4-c582-494b-a8a2-d0d74bf51298.jpg

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Այս մասին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։

«Շնորհակալություն հայտնելով պարոն Մոլինեուսին Հայաստանում ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է վերջին տարիներին Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարեւոր արդյունքներին։

Շնորհավորելով Ռոլանդ Փրայսին նշանակման առթիվ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ընթացիկ ծրագրերն արդյունավետ իրականացնելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններն առաջ մղելու համար։

Սեբաստիան Մոլինեուսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի, կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահության եւ մի շարք այլ ուղղություններով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջիկա տարիներին իր բարեփոխումների օրակարգն իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

---00--ԶՀ