57-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության, հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով․ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկները հունիսի 8-ի ժամը 12.10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիվա» մակնիշի մի մեքենա: Վարորդը անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել: Նա ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ կատարված ստուգումներով պարզվել է, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված 57-ամյա տղամարդը 1998 թ. հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինինսկիի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ավազակության և հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: 57-ամյա տղամարդը ձերբակալվել է: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն:

--00—ՍՊ