Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

հայր

Մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանն այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:

Այս մասին հայտնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից:

Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:

Զրույցի ընթացքում Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, որը նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:

Կարեն Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Էլվին Իբրահիմովը ՀՀ սահմանը հատել էր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: ՀՀ պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1