Կալանքի պահին գեներալը ինսուլինից կախված չէր․ նրա առողջական վիճակն էլ չի լավանա․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Մանվել

Հատուկ քննչական ծառայությունը, հայտարարելով, թե Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին, հղում է անում անօրինական փաստաթղթի: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե լինում է առողջապահության փոխնախարարը, սակայն եզրակացության տակ ստորագրել է այն փոխնախարարը, որն արդեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հետևաբար այստեղ նախ պետք էր քրեաիրավական գնահատական տալ այդ անձի գործողություններին, և այդ ապացույցը որպես այդպիսին չօգտագործել», - նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։

Այդուհանդերձ, ըստ Արսեն Մկրտչյանի՝ իրենց պնդումները, թե Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդությունների պատճառով պետք է ազատության մեջ լինի, չի հակասում ՀՔԾ հայտարարությանը, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը կխոչընդոտի պատիժը կրելուն։ Ըստ պաշտպանի՝ պետք է տարբերակել պատիժը կալանքից:

«Մանվել Գրիգորյանը ոչ թե պատիժ է կրում, այլ կալանքի տակ է։ Կա կառավարության որոշում, որով հաստատված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը։ Իսկ կալանքի տակ պահելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Սա նշանակում է, որ կա օրենսդրական բաց», - նշեց Արսեն Մկրտչյանը։ Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի վերցնելու պահից մինչև հիմա վատացել է:

«Կալանքի վերցնելու պահին ինսուլիանակախվածություն չի եղել, շաքարի ցուցանիշը եղել է 7, իսկ հիմա Գրիգորյանը ստանում է մոտ 110 միավոր ինսուլին, շաքարի ցուցանիշը դարձել է 27, 18 հիվանդություններն էլ դարձել են 20։ Մեր պնդմամբ այս դեպքում անձը ենթակա է ազատման, քանի որ նրա առողջական վիճակը արդեն չի լավանալու», - նշեց Արսեն Մկրտչյանը։

Ըստ պաշտպանի՝ եթե քաղաքացուն կալանիքի են վերցնում ու նրա առողջական վիճակը կալանքի վերցնելու պատճառով և ընթացքում վատթարանում է ապա վարույթն իրականցնող մարմինը պարտավոր է միջոցներ ձեռբարկել, որպեսզի քաղաքացու առողջալան վիճակը բերի այն մակարդակին, որին եղել է նա կալանքի վերցնելու դեպքում։ Հակառակ պարագայում պարտավոր է ազատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը 24News-ի հետ զրույցում նշել էր, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործով նշանակված առաջնային և միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին: