Աշոտյանի ՀՀ ԱԳՆ-ից ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի մասով պարզաբանում է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրմանը։ Աշոտյանի գրառումը՝ ստորև․

«Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ այդ միջոցառման շրջանակում Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը (չշփոթել ստորագրման հետ) իրականացնելու համար:

Անցյալ շաբաթ այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները մտնում են եզրափակիչ փուլ, հայտարարել էին ԵՄ Արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Մոգերինին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Հաննը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ, առաջարկում եմ ՀՀ ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պարզաբանումները:

1. Արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն հետևո՞ւմ է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:

2. Արդյոք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարո՞ւմ են Հայաստանին և համադրելի՞ են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ»: