Վրաստանի գրավյալ տարածքների մասին ընդունվել է «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Վրաստանի գրավյալ տարածքների մասին ընդունել է «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը:

Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն` բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին է ներկայացրել նույն  գերատեսչության փոխնախարար Լաշա Դարսալիան: Նա խորհրդի անդամներին տեղեկություն է փոխանցել Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում հումանիտար ծանր իրավիճակի, Վրաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, ապօրինի ձերբակալությունների, սպանության վրդովեցուցիչ միտումների մասին, մասնավորապես՝ օկուպացված Աբխազիայի տարածքում Վրաստանի քաղաքացի Իրակլի Կվարացխելիայի՝ անորոշ հանգամանքներում մահվան:

ՄԱԿ-ի բանաձևում Մարդու իրավունքների խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Փաստաթուղթը ճանաչում է Վրաստանի կառավարության ջանքերը`երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների առումով: Բացի այդ, Խորհուրդը ողջունում է Վրաստանի կառավարության համագործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և մարդու իրավունքների, տարածաշրջանային եւ միջազգային մեխանիզմների հետ:

Փաստաթղթում վրդովմունք է հայտնվում նաև, որ տարածաշրջանային և միջազգային մոնիտորինգի խմբի անդամներին Աբխազիայի և Ցխինվալիի իշխանությունները հնարավորություն չեն տվել այդ տարածքներում իրականացնել  իրենց գործունեությունը: