Վահան Շիրխանյանը հերքում է ՀՔԾ-ում հարցաքննվելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Շիրխանյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հերքում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելու վերաբերյալ լուրը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վահան Շիրխանյանը:  

«Ես չեմ հարցաքննվել, հայտարարություն եմ տվել»,-24News-ին ասաց Վահան Շիրխանյանը։ Հարցին՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, Շիրխանյանը նշեց, որ չի կարող պատասխանել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի հայտարության համաձայն՝ 1998 թթ.-ի ընտրությունները կեղծելու դրվագով, ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:  

Մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Վահան Շիրխանյանը հարցաքննվել է նամակի հենց այդ դրվագով։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը գրել էր․ - «1998 թ. 30 մարտի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մարտի 22-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ ԱԱԾ-ն ուսումնասիրում է նամակի բովանդակությունը: