Թրամփ-Պուտին պայմանավորվածություն չի եղել, բայց Կրեմլը միջամտել է ընտրությանը․ բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Trump

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ավարտվել է 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը վերաբերող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննությունը։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։

Երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը երկամյա հետաքննության զեկույցի ուսումնասիրությունից հետո ամփոփագիր է ներկայացրել, որում ի մի են բերված սկանդալային հետաքննության առանցքային բացահայտումները:

Ըստ Ուիլյամ Բարի՝ Մյուլերի հետաքննությունը չի ապացուցել, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամները դավադրություն են կազմակերպել կամ ընտրություններին միջամտելու գործողություններում համակարգված գործել են ՌԴ կառավարության հետ:

Մյուլերը, սակայն, անհերքելի ապացույց է գտել, ըստ որի՝ Ռուսաստանն իսկապես միջամտել է ընտրություններին ապատեղեկատվության տարածման և մրցապայքարի ֆավորիտներից մեկը համարվող Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի նկատմամբ կատարված հաքերային հարձակման միջոցով:

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Թրամփի սկանդալային որոշումներից մեկին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին աշխատանքից հեռացնելուն, որը դիտարկվում էր որպես արդարադատության խոչընդոտմանն ուղղված քայլ: Սակայն Մյուլերի վարած հետաքննության արդյունքները փաստում են, որ նախագահ Թրամփի՝ Կոմիին աշխատանքից հեռացնելու քայլն արդարության դեմ ուղղված հանցանք չէր, սակայն միևնույն ժամանակ նրան չի կարելի լրիվ «անմեղ» համարել:

Թրամփ թվիթերյան միկրոբլոգում  անդրադարձել է գլխավոր դատախազի ամփոփոգրին՝ գրելով․ «Ոչ մի դավադրություն, արդարադատության ոչ մի խոչընդոտում, ամբողջական ու վերջնական արդարացում: Հզոր պահեք Ամերիկան»:

Ավելի վաղ Թրամփը հերքել էր ռուսական միջամտության հավանականությունը՝ Մյուլերին կոչ անելով դադարեցնել «ամոթալի» հետաքննությունը՝ այն «վհուկների որս» անվանելով:

Պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ առնչություն չունի 2016 թ. ընտրությունների հետ: