Ընդդիմադիր լրագրողի և վարչապետ Փաշինյանի միջև անողոք պայքար է․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

«Յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում միաժամանակ ի հայտ են գալիս երկու ԵՍ եւ պայքարում միմյանց դեմ. որքան բարդ է իրավիճակը, որպես կանոն դաժան է լինում նաեւ պայքարը, հետեւաբար նաեւ դժվարանում է ճշմարիտ որոշումներ կայացնելը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Մեր երկրի թիվ մեկ պաշտոնյայի ելույթներից, գործողություններից ակնհայտորեն երեւում է, որ դեռեւս շարունակվում է անողոք պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Առայժմ ոչ ոքի է, եւ դատելով վերջին երկրարաշունչ ու ոչինչ չասող ասուլիսից, պարզ չէ, թե ում հաղթանակի շանսերն են ավելի մեծ՝ պատգամավորի՞, թե՞ վարչապետի:

Եթե արդյունքում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հաղթանակ տանի պատգամավոր Փաշինյանը, ապա, մեղմ ասած, լավ չեն լինելու գործող կառավարության ու իշխող «Իմ քայլը» դաշինքի գործերը: Եթե ի վերջո վարչապետ Փաշինյանը կարողանա հաղթել պատգամավոր Փաշինյանին՝ ապա դրանից հնարավոր է, որ շահի նաեւ երկիրը:

Սարսափելին այն է, երբ պայքարն ավարտվի ոչ ոքի: Դա հղի է պետության առջեւ նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով՝ առանց իրական լուծումների: Արդյունքում՝ տնտեսությունը կհայտնվի փոսում, սոցիալական խնդիրները՝ օդում կախված, Արցախյան հարցը՝ սրի ծայրին, ներքին ու արտաքին անվտանգությունը՝ Աստծո հույսին: Իսկ ժողովրդավարության կամ հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է:

Փաշինյանը կարողացել է աղավաղել հասարակության բարոյահոգեբանական վիճակն այնքան, որ այն արդեն սկսել է իր դեմ աշխատել: Ընդդիմադիր Փաշինյանին ձեռնտու էր հասարակության մի հատվածին մյուսի դեմ լարելը, թշնամանք ու ատելություն սերմանելը: Իսկ վարչապետ Փաշինյանին հակառակը՝ կոնսոլիդացիա է անհրաժեշտ:

Հիմա նա լավ հասկանում է, որ եթե ամբողջովին դրսեւորի իրեն որպես վարչապետ Փաշինյան, ապա շատ հարցերում տարբերվելու եւ հակասելու է պատգամավոր Փաշինյանին:

Նման իրավիճակներում արդեն հայտնվել է, օրինակ՝ ԵՏՄ անդամության հարցում, կուտակային կենսաթոշակների հարցում, արագաչափերի հարցում, արտաքին քաղաքականության մեջ, վերջերս նաեւ Արցախյան հարցում, արտաքին վարկեր վերցնելու հարցերում եւ այդպես շարունակ:

Անձի երկվության այս դիլեման ցավոք երկարաձգվում, ու նոր սպառնալիքներ է ծնում: Այդ պրոբլեմները առայժմ հնարավոր է լինում ծխածածկույթով անտեսանելի դարձնել, մարդկանց մոտ հույսեր ու ակնկալիքներ ձեւավորել, բայց դա երկար ձգել չի լինի: Մարդիկ մտածել գիտեն, վերլուծել գիտեն ու շատ լավ հասկանում են, թե ինչի համար են մեկ տարի առաջ դուրս եկել փողոց: Մեկ տարին շուտով կլրանա, իսկ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում դեռ ոչ մի դրական փոփոխություն չի եղել:

Գործող վարչապետ եւ նախկին պատգամավոր Փաշինյանների միջեւ պայքարը որքան շուտ ավարտվի, այնքան պարզ կլինի, թե իրականում ի՞նչ ակնկալել իշխանություններից: Իսկ առայժմ միայն պրոբլեմներ ենք կուտակում:

Ես հույս ունեմ, որ մի օր Նիկոլը կհայտարարի, որ պատգամավոր Փաշինյանը սխալ էր, վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենանք կլինի ճիշտ: Իսկ եթե պատգամավոր Փաշինյանը այնուամենայնիվ սխալ էր, ապա կհետեւի, որ նախկին իշխանություններին մեղադրելու շատ քիչ բան է մնում՝ գուցե միայն հակակոռուպցիոն հարցերում», - գրել է Արտակ Զաքարյանը։