Ամեն ինչի մեջ սենսացիա մի՛ փնտրեք․ Անանյանը ներկայացնում է հարկատուների վարքագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները հանրագումարային առումով էականորեն ավելի շատ հարկ են վճարել 2018-ին, քան նախորդ տարիներին: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նա ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, նաև ոլորտային քննարկումների ժամանակ իրենց բիզնեսը սեգմենտավորել է: Այսինքն եթե մեկ տնտեսվարող սուբյեկտով տարբեր գործունեության ոլորտներում իրականացնում են գործունեությունը, հիմա բիզնեսը տարանջատում են  ըստ ոլորտների»,-ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ դրա արդյունքում ավելի թափացիկ են գործում եւ ավելի շատ հարկ են վճարում:

Ավելի վաղ ՊԵԿ-ը հրապարակել էր 2018 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը։ Եթե 2017 թվականին նա վճարել էր 21,5 մլրդ դրամի հարկ և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, ապա 2018-ին ընդամենը 16,2 մլրդ դրամի հարկ (6-րդ հորիզոնական): Տարբերությունը կազմել է 5,3 մլրդ դրամ (24,6 տոկոս)։ 

Ավելի ուշ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանը իր գործունեությունն այժմ իրականացնում է տարբեր ընկերությունների միջոցով, որոնց վճարած հարկերը հանրագումարում ավելի շատ են, քան 2017-ին: