Աջ ղեկով մեքենաների թեման փակեցինք, չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աջակողմյան ղեկով մեքենաների խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի փաթեթին:

«Այս փաթեթի մեջ է մտնում նաև այն հարցը, որը նախորդ նիստում քննարկեցինք՝ աջ ղեկով մեքենաները, այդ թեման փակեցինք, չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ», - դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Դրական պատասխան ստանալուց հետո որոշումը միաձայն ընդունվեց։

ՀՀ Ազգային ժողովի 2019 թ․ մարտի 13-ին և 14-ին արտահերթ նիստերի ընթացքում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ․ մայիսի 1-ը:

Վերը նշված տրանսպորտային միջոցները Հայաստանի տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու և շահագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:

Նախագծերի ընդունման դեպքում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվեն և առանց ղեկի տեղափոխման շահագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում: