2019-ի շինարարության ծավալն աճել է 20 %-ով, էլեկտրաներգիայի արտադրությունը նվազել է 15%-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

շինարարություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի փետրվարին կազմել է 7,6 %, իսկ այս տարվա 2 ամիսների կտրվածքով 2018 թ. հունվար-փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 %: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային-վիճակագրական ծառայության կայքէջից:

Արտաքին առևտրաշրջանառությունը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  31,3 %-ով՝ կազմելով 568,2 մլն դոլար կամ 277,4 մլրդ դրամ: Միայն վերջին մեկ ամսում՝ 2019 թ.-ի հունվարի համեմատ փետրվարին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28 %:

Շինարարության ծավալը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ ավելի քան 20 տոկոսով աճել է: Այս տարվա փետրվարին 2018 թ. փետրվարի նկատմամբ աճը կազմել է 21,3 %, իսկ հունվար- փետրվարը 2018 թ. հունվար-փետրվարի նկատմամբ՝ 21,6 %:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է 4,7 %-ով, իսկ առաջին երկու ամիսների կտրվածքով՝ 1,9 %-ով: Մինչդեռ, էլեկտրաէներգիայի արտադրությունը կտրուկ նվազել է. այս տարվա փետրվարին 2018 թ. փետրվարի նկատմամբ 14,5 %-ով, իսկ հունվար-փետրվարին՝ 21 %-ով:

2019 թ.-ի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ 1.9 % գնաճ է գրանցվել: Դրան զուգահեռ միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին 2018 թ. փետրվարի նկատմամբ աճել է 5,3 %-ով, պետականը՝ 2,6, ոչ պետական՝ 5,4 %-ով: