Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվեց հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Մանվել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Հարցին՝ ո՞րն է պատճառը հիվանդանոց տեղափոխելու, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ չի տեսել իր պաշտպանյալին, ուստի չի կարող ասել։ Նա նաև չնշեց, թե որ հիվանդանոց է տեղափոխվել Գրիգորյանը։

«Նախկինում բժիշկները բարձրայնել են, որ Մանվել Գրիգորյանը հիվանդությունների ծանրության պատճառով պետք է լինի բժիշկների անմիջական հսկողության տակ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց տեղափոխելն արդյոք կապ ունի՞ ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը՝ Գրիգորյանի առողջության վերաբերյալ ամբողջական տվյալներ ներկայացնելու պահանջի հետ, Լևոն Բաղդասարյանը նշեց, որ դժվարանում է ասել։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկել` պարտավորեցնելով ՀՀ իշխանությանը Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով: