ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցելով՝ երեխաները կդառնան ավելի պաշտպանված և իրազեկ․ Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Մարտի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (ՅՈԻՆԻՍԵՖ) Տանյա Ռադոչային, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը:

Նախարարն ընդգծել է, որ իր հումանիտար առաքելության մեջ նախարարության գլխավոր անելիքը աղետների հնարավոր կանխարգելումն է: Այդ առումով չափազանց կարևոր է դպրոցներում համապատասխան գիտելիքների ուսուցումը: 

Այս տեսանկյունից առավել քան կենսական է Հանրապետության հանրակրթական հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների անցկացումը: 

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ այս հարցում կրթության և գիտության նախարարության հետ առկա է նախնական համաձայնություն: 

Ըստ նախարարի՝ աղետների ռիսկի նվազեցմանը կծառայի նաև դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լուսաձայնային և ազդանշանային համակարգերի տեղադրումը:

Տանյա Ռադոչան շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը բնական և տեխնածին աղետների դեպքում ՀՀ-ին աջակցելու հարցում՝ նշելով, որ  ժամանակակից աշխարհում որևէ երկիր ապահովագրված չէ աղետներից: 

Միջազգային կառույցի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ին օժանդակության ծրագրի շրջանակներում 55 դպրոցական հաստատություններին տրամադրվում է աղետների ժամանակ գործողությունների վերաբերյալ ուսումնամեթոդական գրականություն:  

Նա տեղեկացրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեթոդական օժանդակություն է ցուցաբերում աղետների ռիսկի նվազեցման գործում օրենսդրական կարգավորումներում:

Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում մեր երեխաները կդառնան ավելի պաշտպանված և իրազեկ: