Չար զրպարտանք է 2016-ի ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության մասին պնդումը․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

ՌԴ ԱԳՆ-ը «չար զրպարտանք» է անվանել 2016 թ․ ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության վերաբերյալ պնդումները։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ՝ կապված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների հրապարակման հետ։

«Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածության բացակայության մասին հիմնական եզրակացությունը պարզապես այլ լինել չէր կարող»,- ընդգծում է նախարարությունը՝ նշելով, որ Մոսկվան նախկինում բազմիցս ասել է մեղադրանքների բացարձակ հորինված բնույթի մասին։

ՌԴ ԱԳՆ-ը նաեւ նշել է, որ բազմիցս առաջարկել է Վաշինգտոնին «պրոֆեսիոնալ մակարդակով» քննարկել հնարավոր մեղադրանքները, որոնք վերաբերում են «էլեկտորալ գործընթացների վրա ազդեցություններին»։ Այդպիսի առաջարկներից է, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, կիբեռվտանգների հարցով համատեղ աշխատանքային խմբի կազմակերպումը, որից Վաշինգտոնը խուսափում է, «քանի որ իր մերկապարանոց պնդումներն ապացուցելու ոչինչ չունի»։

2016 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության՝ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հիմնական եզրակացությունները հրապարակվել են մարտի 24-ին։ Դրանք Կոնգրեսին ներկայացրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը․ փաստաթուղթը հրապարակվել է նաեւ Ներկայացուցիչների պալատի կայքում։

«Հետաքննությունը չի պարզել, որ Թրամփի նախընտրական շտաբի մասնակիցները կամ նրանց հետ կապված որեւէ մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել կամ համագործակցել է Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում նրա միջամտության հարցում»,- կոնգրեսականներին հայտնել է Բարը։

Այնուամենայնիվ, հատուկ դատախազի թիմին հաջողվել է պարզել ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի միջամտության փորձերի մի քանի դեպք։ Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ ամերիկացիներին ապատեղեկացնելու եւ այդպիսով ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձեր կատարել է Ինտերնետ-հետաքննությունների ռուսական գործակալությունը, իսկ Թրամփի մրցակից Հիլար Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրել են Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերները։ Նրանց եւ Թրամփի միջև հատուկ դատախազը կապեր չի գտել։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս