Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են 2020-ին Ազգային-Եկեղեցական ժողովին

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 25, 24News

.

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված բազմամյա համագործակցությանը, որն ընդգրկում է եկեղեցաշինական, կրթական և սոցիալական զանազան ծրագրեր: Մասնավորապես կարևորվել են ՀԲԸՄ-ի աջակցությամբ  տարիներ շարունակ համատեղ իրականացվող Հայորդյաց տների ու բարեգործական ճաշարանների գործունեությունն ու դրանց ընդլայնման հնարավորությունները:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրել է ՀԲԸՄ շարունակական զորակցությունը Հայոց Եկեղեցուն` հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը և Հայոց Եկեղեցու պատմական առաքելությանն ի նպաստ իրականացվող նախաձեռնություններում:

Գարեգին Բ Հայրապետը և տիար Պերճ Սեդրակյանը խոսել են նաև Հայոց Եկեղեցու և Միության կողմից Սփյուռքի համայնքներում իրականացվող ազգօգուտ ծրագրերի մասին, որոնք միտված են Սփյուռքում համայնքային կյանքի աշխուժացմանը և ազգային ինքնության պահպանությանն ու զարգացմանը: Ազգանպաստ այս առաքելության արդյունավետ իրագործման մեջ ընդգծվել է պատասխանատու ազգային, հոգևոր հաստատությունների ջանքերի մեկտեղման ու նոր ձևավորվող համայնքների ազգային-հոգևոր կարիքների բավարարման անհրաժեշտությունը արդի պայմաններում: Այս առնչությամբ տիար Սեդրակյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Մայր Աթոռի բազմաթիվ երիտասարդ ու պատրաստված հոգևորականներ այսօր իրենց արդյունավետ ծառայությամբ մեծապես նպաստում են սփյուռքի թեմերի ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացմանը, մանավանդ երիտասարդության շրջանում:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Պերճ Սեդրակյանին տեղեկացրել է մարտի 12-ից 14-ը Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի արդյունքների մասին: Մասնավոր անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը և ժողովի կարևոր առաքելությանը Հայոց Եկեղեցու հետագա գործունեության ուղենշման գործում: Տիար Պերճ Սեդրակյանը վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ն սփյուռքատարած իր աշխարհական պատվիրակների միջոցով ամենայն աջակցություն է ցուցաբերելու Եկեղեցու կազմակերպական հզորացմանն ու ազգային-կրոնական ու սոցիալական առաքելությանը նպաստող կարևոր նշանակություն ունեցող ժողովի հաջողությանը:

ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետից հետաքրքվել է Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության ընթացքի մասին: Նորին Սրբությունը ընդհանուր գծերով ներկայացրել է կատարված աշխատանքները` տեղեկացնելով, որ  տաճարի ներքին վերականգնման աշխատանքները, եկեղեցասեր բարերարների աջակցությամբ, ծրագրվում է ավարտել 2020 թվականին: 

Խոսելով հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման գործում կարևորել են սփյուռքի հավատավոր մեր ժողովրդի մասնակցությունը: Այս իմաստով շեշտվել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համահայկական ներուժի` հայրենիքի ապահովությանն ու բարօրությանը ծառայեցնելու կարևորությունը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը վերահաստատել են իրենց հանձառությունը Հայոց Եկեղեցու և ՀԲԸՄ համատեղ ծրագրերով և գործակցությամբ շարունակել ջանքեր ներդնել հանուն Հայաստանում և սփյուռքում ազգային միասնության ամրապնդման, հայապահպանության և ազգային-հոգևոր արժեհամակարգի ու ավանդույթների անաղարտ պահպանման: