Մելքումյանը հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել․ Սաիյանը ներողություն խնդրեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Sajan

Կենսաթոշակների մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին վրդովեցրել են աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի հայտարարությունները։

Ըստ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի՝  կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։ Այսինքն՝ դրանից ցածր կենսաթոշակ երկրում չի կարող լինել։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ նախատեսվում է պետական բյուջեից լրացուցիչ 800 մլն դրամի ծախս հատկացնել։

Մելքումյանը  հիշեցրեց՝ 2023-ին կառավարությունը ծրագրում է վերացնել Հայաստանում ծայրահեղ աղքատությունը և հետաքրքրվել է՝ սա հարցի ո՞ր տոկոսն է լուծում։

«Հնարավոր չէ՞ր եթե գնում ենք տնտեսական հեղափոխության ու սպասում ենք ՀՆԱ-ի աճի, ապա 0,1 տոկոսն ի՞նչ էր իրենից ներկայացնում, որ չենք դնում ու կտրուկ բարձրացնում՝ 32 հազար դրամ, այսինքն՝ ավելի արագ առաջ գնանք», - հետաքրքրվել է  պատգամավորը։

Փոխնախարարն ասել է, որ քննարկելու հարց է՝ բարձրացնել կենսաթոշակների չա՞փը, թե՞ վերանորոգել միջհամայնքային որևէ ճանապարհ։

«Թերևս քննարկվի ու հասկացվի՝ արդյոք նպատակահարմա՞ր է Իջևանի շրջանի որևէ ճանապարհահատված վերանորոգե՞լ, թե՞ կենսաթոշակառուների թոշակների չափերը բարձրացնել», - հավելել է փոխնախարարը։ Պատասխանը վրդովեցրել է պատգամավորին, և Մելքումյանը հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել։

«Սոցիալական հարցերը երբեք մի հակադրեք արտադրական բնույթի հարցերին։ Իսկ ո՞վ է ասել, որ ՀՆԱ-ի 0.1 տոկոս աճը ուղղել կենսաթոշակներին, նշանակում է Իջևանում կամ ինչ-որ այլ տեղ ճանապարհ չկառուցել։ Քաղաքական հասունություն պետք է ունենալ, որ մեկը մյուսին չհակադրել», - նշեց Մելքումյանը։

Փոխնախարարը ներողություն խնդրեց նման տպավորություն ստեղծելու համար և նշեց, որ իր նպատակը հակադրելը չէր. «Վստահեցնում եմ, որ, ենթադրենք, ևս 12 մլն դրամ կենսաթոշակային համակարգի վրա դնելը լուրջ առաջընթաց չի արձանագրելու»։