Արայիկ Հարությունյանը չհերքեց՝ հանդիպել է ԵՊՀ ռեկտորին և հորդորել է հեռանալ պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 26, 24News

Արայիկ հարությունյան

Կարծում եմ՝ շատ պարզ, ընթեռնելի ձեւով այդ ամենը ներկայացվեց և դուք բոլորդ գիտեք նրանց մասին. մամուլում շատ հստակ մատնանշվեցին, թե ում մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրիեն կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել:

Նշենք, որ մամուլում գրվեց, որ խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է, քանի որ ապրիլյան հեղափոխության օրերին ԵՊՀ դռները փակվել էին եւ թույլ չէին տալիս ուսանողներին միանալ ցուցարարներին:

Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը, երբ Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ԿԳ նախարարն ասաց. «Խորհուրդն է, որ պետք է նման հարցերը լուծի, մեր նախարարությունը նման լիազորություններ չունի: Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կսկսի քննարկել»:

Անդրադառնալով Արամ Սիմոնյանին, Արայիկ Հարությունյանը նախ չհերքեց, որ  հանդիպել է ռեկտորին եւ հորդորել է հեռանալ պաշտոնից, ապա հավելեց. «Ես դրա հետ կապված իմ կարծիքը հայտնել եմ, ավելացնելու բան չունեմ: Ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում: ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք եւ կպատկերացնեք, թե ուր է գնում համալսարանը: Ասենք ինքն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ ռազվարական պլանը բուհը տարել է հետընթացի»: