Կոնստանտին Հովհաննիսյանը կալանավորվելուց անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ։

Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները կապված ինչպես  կալանավորված անձի առողջական վիճակի, այնպես էլ՝ փաստաբան ներգրավելու հետ:

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից ստացվել է պարզաբանում, որ հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակը՝ կալանավորվելուց անմիջապես հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ քաղաքացիական հիվանդանոց և քննչական մարմնի կողմից թույլատրվել է  նաև նրա մոտ խնամակալի գտնվելը:

Ի գիտություն ընդունելով ԱԱԾ պարզաբանումները և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթի նյութերը՝ այսօր ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, այց են իրականացրել քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորվածին: Վերջինս և նրան խնամող ազգականները մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ գանգատներ չեն ներկայացրել: Անձի առողջական վիճակի, խափանման միջոցի հետ դրա համատեղելիության և այցի ընթացքում բարձրացված այլ հարցերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ ուղղված գրություն: