Վարչապետի՝ բուհերն ապաքաղաքականացնելու կոչը պետք է վերաբերի նաև ՔՊ-ականներին․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Վարչապետը ճիշտ է ասում, որ պետք է բուհերն ազատենք քաղաքականացված լինելուց. պետք է ուշադիր լինենք, որ ՔՊ-ից որեւէ մեկը չընդգրկվի բուհերի նոր ձեւավորվող կառավարման խորհուրդներում, մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից ներկայացուցիչներ կան ներգրավված: Այս մասին մարտի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մի քանի բուհերում դա արդեն տեղի է ունեցել: Որտեղ ռեկտոր է փոխվել, այդ բուհերում արդեն կառավարման խորհուրդներում «Իմ քայլ»-ից կամ «Քաղաքացիական պայմանագրից» ներկայացուցիչներ կան: Վարչապետի խոսքը պետք է կատարել, եւ թող այդ մարդիկ դուրս գան բուհերի խորհուրդներից»,-հայտարարեց Մարուքյանը:

«Այն մարդիկ, որոնք ուսանողների իրավունքներն են խախտել, կանոնադրություն են խախտել, այդ մարդիկ չպետք է ռեկտոր աշխատեն, բայց ռեկտորների ազատման պրոցեսը պետք է օրենքին համահունչ լինի: Հետեւաբար վարչապետի արածը քաղաքական հայտարարություն է: Համաձայն եմ վարչապետի հետ, բայց մեխանիզմը ո՞րն է: Եթե ես ճիշտ եմ հասկացել, խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է: Վարչապետն արել է քաղաքական հայտարարություն, բայց բուհի ռեկտորը կարող է իր մեղքը զգալ եւ հրաժարական տալ, բայց կարող է եւ չտալ: Եթե չտա, ես չգիտեմ՝ ինչ մեխանիզմով կարող է զսպել կամ ճնշել նրան: Ցանկացած միջամտություն կլինի անօրինական»:

Մարուքյանը նկատեց, որ ԵՊՀ ռեկտորին աշխատանքից ազատելու մի փորձ արվեց, որը ձախողվեց. «Այսինքն գործող կարգով այդ մարդիկ կարողանում են իրենց աթոռները պահպանել եւ որեւէ քաղաքական հայտարարություն չի ազդում գործող ընթացակարգերի վրա: Եթե ուժով որեւէ մեկին դուրս անեն, այդ մարդիկ գիտեն իրենց իրավունքները, կդիմեն դատարան, կդիմեն այլ մեխանիզմների: Եթե մենք տեսնենք՝ որեւէ մեկի իրավունքները ոտնահարվում են, բնականաբար, կպաշտպանենք»,-ասաց Մարուքյանը: