Բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից գողության դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երեւանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի եւ գողության դեպքերը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնել են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ ծնված 2002 եւ 2003թթ., մուտք են գործել Երեւան քաղաքի Լուկաշին 3 փողոցում գտնվող տներից մեկը, սակայն առանց որեւէ բան հափշտակելու՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել են:

Այնուհետեւ 17 եւ 16-ամյա պատանիները մուտք են գործել նույն  փողոցում գտնվող եւս երկու տուն, գողացել տարբեր իրեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում՝ 17 եւ 16-ամյա պատանիները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: