Կազմակերպության գործունեությունն արգելեցինք, անհատնին ինչպե՞ս ենք վերահսկելու. Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Անի

Խորհրդարանում դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելող օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատել է, որ օրենքի նախագծում նշվում է արգելել գովազդի այն տեսակները, որոնք գտնվում են իրավասու մարմինների վերահսկողության տակ, բայց պետք է հասկանալ, որ այս գործունեությունը կարող է օգտագործել գովազդային այլ միջոցներ ևս, որոնք անտեսանելի են: Սամսոնյանը հետաքրքրվել է՝ ինչպես է վերահսկվելու դաշտը, քանի որ հնարավոր է, օրինակ, թռուցիկներ բաժանվեն:

«Լավ, կազմակերպությունների գործունեությունն արգելեցինք, անհատներին ինչպես ենք վերահսկելու»,- ասել է Սամսոնյանը, ապա նկատել՝ ի՞նչ իմաստ ունի հիմա քննարկել այս օրենքի նախագիծը, եթե պատգամավորը նպատակ կա արգելելու այս կազմակերպությունների գործունեությունը: Ի պատասխան՝ Հովհաննես Հովհաննիսյանը ասել է, որ սա ամբողջ աշխարհում է խնդիր:

«Ես հակված չեմ մտածել, որ այս հարցը մեկ կամ երկու օրինագծով ընդհանրապես վերանալու է: Աշխարհի զարգացած համալսարաններում պլագիատի դեպքեր ևս հայտնաբերվում են, բայց այնտեղ խիստ են պատիժները, պլագիատի հայտնաբերման դեպքում ուսանողը միանգամից հեռացվում է բուհից»,- ասել է Հովհաննսիյանը: Սամսոնյանը կարծիք է հայտնել, որ շան գլուխը թաղված է հենց բուհերի դաշտում:

«Այստեղ էներգիա և ջանք ենք թափում հակապլագիատային քաղաքականության վրա ինչ-որ ազդեցություն ունենալու համար, բայց մենք այդ ջանքերը կարող ենք ուղղել բուհերում կրթության նկատմամբ ուսանողների մոտիվիացիան, կրթության որակը բարձրացնելուն»,- ասել է Սամսոնյանը, որին արձագանքելով՝ Հովհաննիսյանը նշել է, որ համամիտ է այդ կարծիքի հետ, և որ մեկ անգամ չէ, որ հորդորել է այս հարցով ջանք ու եռանդ չխնայել: