Վարչապետի հայտնի հայտարարությանը՝ ԿԳՆ և ԵՊՀ ղեկավարների արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի առջև դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն ասել է, որ դա բոլորին հայտնի է և մամուլում մատնանշվել է, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետը. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը գիտեք նրանց մասին»:

Հարցին` թե ինչպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունը, նա ասաց, որ ԵՊՀ-ի խորհուրդը պետք է նման հարցերը լուծի, նախարարությունը նման լիազորություններ չունի: «Դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ, կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին` արդյոք որպես ԿԳ նախարար ցանկանում է, որ Արամ Սիմոնյանը պաշտոնանկ արվի, նա պատասխանեց.

«Այո, ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում: ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և պատկերացրեք, թե ուր է գնում համալսարանը: ԵՊՀ-ն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, բուհը տարել է հետընթացի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց․ «Ես վարչապետի հայտարարությունը չեմ քննարկում: Վարչապետը արտահայտել է ընդհանուր կարծիք, որը ոչ անձնավորված է: Ի՞նչ կարող եմ մեկնաբանել: Գնացեք կառավարության լրատվական ծառայություն և իրենցից իմացեք, թե հստակ ինչ է նկատի ունեցել վարչապետը: Այդ հայտարարությանը որևէ պարզաբանում չեմ կարող տալ»։

Հարցին՝ ինչու են իր անձի շուրջ պտտվում խոսակցությունները, Սիմոնյանը պատասխանեց. «Իմ շուրջ միշտ էլ խոսակցություններ պտտվել են: 13 տարի ԵՊՀ-ի ռեկտոր եմ և 13 տարի իմ անվան շուրջ անընդհատ խոսակցություններ են պտտվում: Ես ամեն խոսակցությանը չեմ կարող մեկնաբանություն կամ պարզաբանումներ տալ»:

Հարցին` արդյոք նա փակել է ուսանողների առջև դուռը, ռեկտորը պատասխանեց. «Ես ուսանողների առջև դուռ չեմ փակել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգ:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս