3 ամսով երկարաձգվել է Խաչատուրյան քույրերի դեմ սահմանված նախնական խափանման միջոցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

բակո

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը որոշում է կայացրել ևս 3 ամսով երկարաձգել հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի դեմ սահմանված նախնական խափանման միջոցը, հաղորդում է ռուսական TACC գործակալությունը:

Ավելի վաղ կալանավայրում գտնվող աղջիկները 2018թ սեպտեմբերին ազատ էին արձակվել, իսկ որպես նախնական խափանման միջոց ընտրվել էր որոշակի գործողությունների սահմանափակումը: Խաչատուրյան քույրերին արգելվել է լքել բնակության վայրը գիշերային ժամերին, շփվել որևէ մեկի հետ՝ բացառությամբ քննիչների ու հարազատների:

Խափանման միջոցը երկարաձգվել է մինչև հունիսի 28-ը:

Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Ըստ նախնական վարկածի՝ հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ նրանց հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: