Միջխորհրդարանական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործակցության առաջարկներ են արվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մարտի 21-ին   հանդիպել է  Լեհաստանի Հանրապետության Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկու հետ։

Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը, շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, հանդես է եկել  միջխորհրդարանական երկկողմ և խորհրդարանական դիվանագիտության բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդմանն ուղղված գործնական մի շարք առաջարկներով։

Դեսպան Մկրտչյանը, լիարժեք աջակցություն հայտնելով Լեհաստանի Սեյմի նախագահի մոտեցումներին, համոզմունք է հայտնել, որ նախորդ տարվա արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ Ազգային ժողովի և Լեհաստանի Սեյմի միջև շփումների ընդլայնումը նորովի կնպաստեն երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխհարաբերությունների կանոնավոր զարգացմանը:

Անդրադառնալով Լեհաստանի հայկական համայնքի պատմական և ներկա դերակատարությանը՝ կարևորվել է հանրային ներգրավվածության նշանակությունը։ Երկուստեք բարձր է գնահատվել Լեհաստանում հայերի վաղեմի ներկայության վերաբերյալ Լեհաստանի Սենատի և Սեյմի կողմից 2017թ․ միաձայն ընդունված բանաձևը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորական բարեկամության խմբերի հետագա համագործակցության շարունակականության ապահովումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողականորեն նպաստել միջխորհրդարանական տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացմանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ:

Մարեկ Կուխչինսկին և Սամվել Մկրտչյանն անդրադարձել են նաև մերձավորարևելյան ճգնաժամային գոտիներում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հրամայականը։ Ընդգծվել է դավանաբանական տարբեր համայնքների խաղաղ գոյակցությանը և բնականոն զարգացման խնդիրների կարգավորմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: