Բռնություն չի եղել, շինծու գործ է․ «Ֆլեշի Բարսեղը»՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատաքննությունը։

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն ու Հրայր Հովսեփյանը 2016 թ. մարտ-ապրիլին Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

«Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն չեմ գործադրել, բռնության սպառնալիքներ չեմ տվել, մատնանշված գումարից էլ տեղյակ չեմ»,-ասել է Հրայր Հովսեփյանը՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Բարսեղ Բեգլարյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

«Մեղադրանքը շատ պարզ է շարադրված, սակայն, իրականությանն ընդհանրապես մոտիկ չէ, բռնություն կամ բռնության սպառնալիք չի եղել, սա շինծու գործ է»,- ասել է գործարարը։