Երևանի քաղաքապետն ընդունել է Օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությանը, քննարկել են խնդիրներ

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 26, 24News

.

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել Օպերայի հարակից տարածքում պատշաճ միջավայր ստեղծելուն ուղղված քաղաքապետարանի գործողությունների կապակցությամբ: Կոնստանտին Օրբելյանը քաղաքապետին է ներկայացրել վերջերս թատերախմբի՝ Մոսկվայում և Դուբայում կայացած համերգներից ստացած իր տպավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը նշել է, որ հետևում է Օպերայի և բալետի թատրոնի հաջող ելույթներին և պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել թատրոնի խնդիրների լուծմանը: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն այս տարի Երևանի պատմամշակութային շենքերի արտաքին լուսավորությունը փոխելու ծրագիր ունի, և Օպերայի շենքը նույնպես ներառված է ծրագրում:

Օգտվելով առիթից՝ քաղաքապետը խնդրել է հյուրերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին փոխանցել իր շնորհավորանքները՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: