Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն և Եվրոպան խոսում են միևնույն լեզվով․ Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Ի հակադրություն հոռետեսական կանխատեսումների՝ Հայաստանն ու Եվրամիությունն ակտիվորեն առաջ են շարժվում ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կիրարկման ուղղությամբ, այսօր «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. 10 տարի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Թավշյա հեղափոխության ու միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումից հետո Հայաստանն իր տեղն է զբաղեցնում ժողովրդավար պետությունների շարքում։ Մենք և Եվրոպայի գործընկերները խոսում ենք միևնույն լեզվով և լիարժեք փոխըմբռնումով։ Սա պարարտ հող է ստեղծում հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։ 

Նա հիշեցրեց, որր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի ու ԵՄ 10 անդամ պետությունների խորհրդարանների կողմից։ 

Անդրադառնալով՝ ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությանը, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ մեկնարկել է վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու շուրջ երկխոսությունը։ 

«ԵՄ գործընկերները հայտարարել են, որ Հայաստանն, ըստ էության, տեխնիկապես պատրաստ է դրան և մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սա կարևոր ուղերձ կլինի հայ ժողովրդին ու բոլոր այն ժողովուրդներին, որոնք պայքարում ու հասնում են ժողովրդավարության», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։